Ռուսաստանում ձերբակալվել է հայերից եւ ադրբեջանցիներից բաղկացած էթնիկ խմբավորում։ Այս մասին գրում է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Մոսկվայում փետրվարի 18-ին գումար փոխադրողների վրա կատարած հարձակման ժամանակ ձերբակալվել են էթնիկ խմբի 8 ներկայացուցիչներ։
Քննիչները վաղուց էին հետապնդում նրանց՝ ուսումնասիրելով նախկինում խմբի կատարած նմանատիպ հանցագործությունները։ Ավազակային խմբավորման համար աշխատող իրազեկիչը հայտնել էր, որ չարագործները պատրաստվում են հերթական հարձակումը գործել։ Ոստիկանները կապ են հաստատել հնարավոր զոհի հետ եւ առաջարկել կոշիկի վաճառքով զբաղվող գործարարին խայծի դեր խաղալ։
Գործարարը փետրվարի 18-ի երեկոյան իր «Լեքսուսով» երթեւեկելիս նկատել է, որ իր ճանապարհը փակել է «Գազել» մակնիշի մի մեքենա, որից դուրս են եկել երեք հոգի, մոտեցել նրա մեքենային, կոտրել դիմային ապակին՝ փորձելով գողանալ գումարով լի պայուսակը, որի մեջ եղել է 9 մլն 800 հազար ռուբլի։ Այն պահին, երբ չարագործները գողացել են պայուսակը, նրանց կանգնեցրել են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ձերբակալման ժամանակ չարագործները զինված ակտիվ դիմադրություն են ցույց տվել՝ կրակելով ոստիկանների ուղղությամբ եւ ամրանով կոտրելով նրանցից մեկի մետաղե գլխարկը։ Ոստիկանները դիմել են զենքի օգնությանը, ինչի արդյունքումնրանցից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։