Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ոստիկանության բաժնի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը մնում է նույնը՝ հավելելով, որ ազատ է արձակվել երկու պատանդ, իսկ բանակցություններն ընթանում են և արդյունքների մասին պատշաճ կերպով կհայտնվի հանրությանը:
Ինչ վերաբերում է ոստիկանության և ոստիկանության բաժինը գրաված խմբի պահանջներին, ապա դրանք մնում են նույնը: Մասնավորապես ոստիկանությունը պահանջում է ազատ արձակել պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը և հանձնվել իշխանություններին:
Պողոսյանն ասաց, որ այս պահին 5 պատանդ կա, իսկ վիրավոր պատանդների մասին ինֆորմացիա ճիշտ կլինի ստանալ Առողջապահության նախարարությունից:
Այն հարցին, թե ինչ քայլերի է գնալու ոստիկանությունը, եթե պահանջները չկատարվեն, փոխոստիկանապետն ասաց, որ իրավապահներն ի վիճակի են ձեռնարկել բոլոր այն քայլեր, որոնք պետք է ձեռնարկել նման իրավիճակներում և որոնք կլինեն օրենքի սահմաններում:
Պողոսյանի խոսքերով ոստիկանությանը փոխզիջման կգնա միայն այն դեպքում, եթե մյուս կողմից նման բան լինի:
Նա նաև նշեց, որ բանակցային գործընթացում ընդգրկվախ չէ Ժիրայր Սեֆիլյանը, ում ազատոթյունը պահանջում են ոստիկանության բաժինը գրավողները, և չի մասնակցում նաև ոստիկանապետը:
Փոխոստիկանապետը խոսեց նաև քաղաքացիներին բերման ենթարկելու մասին՝ ասելով, որ բերման կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կխախտեն հասարակական կարգը: