Հայաստանի քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գյումրիում տեղի ունեցած 7 անձի սպանության գործով տուժողի իրավահաջորդների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։
2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը հանդիպում-քննարկում է կազմակերպել տուժողների իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը եւ քրեական գործով քննչական խմբի քննիչները պարզաբանումներ են տվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների հուզող հարցերին, քրեական գործով նախաքննություն գաղտնիք չահանդիսացող տեղեկություններ տրամադրել, ինչպես նաեւ վերջիններս ծանոթացել են քրեական գործի որոշ նյութերին ու ստացված եզրակացություններին: