Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է «Գազպրոմին» ու էներգետիկայի նախարարությանը միասնական ծրագիր կազմել՝ Դոնբասին հումանիտար կարգով գազ մատակարարելու համար:
«Դոնբասում գազամատակարարման դադարեցման պայմաններում անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների բնակչությանն ու թույլ չտալ, որպեսզի նրանք սառչեն», -ասել է Մեդվեդեւը:
Միաժամանակ, Ռուսաստանի վարչապետը նշել է, որ նախատեսվում է նոր պարենային օգնություն ցուցաբերել Դոնբասի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին ռազմաճակատի շփման գծում հայտնված ու սովի պայմաններում գոյատեւող մարդկանց հատկացնել հագուստ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կողմից Դոնբասի գազամատակարարման դադարեցումից հետո, Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը հայտնել էր, որ ամբողջությամբ անցնելու է ռուսական գազի ներկրմանը: