Դեպի իսլամական աշխարհ թուրքական արտաքին քաղաքական կուրսը հակասում է Եվրոպային ինտոգրվելու ուղղությանը և վտանգավոր է ՆԱՏՕ-ի համար: Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի աշխատակազմի նախկին ղեկավար Լաուրենս Ուիլկերսոնը:
«Թուրքիան հիմա խաղացող է, որի քաղաքականությունը ռիսկային է, այդ երկիրը հիմքեր չունի ՆԱՏՕ-ում մնալու համար: Եվրոպային մաս կազմելու փոխարեն Թուրքիան նախընտրում է լինել իսլամական աշխարհի մաս, որի հետ մենք հիմա խնդիրներ ունենք»,-հայտարարել է Ուիլկերսոնը:
Նա հավելել է, որ Թուրքիայի քաղաքականությունը բարդացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը և անհասկանալի հարցեր է առաջ քաշում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ուիլկերսոնի խոսքերով, Էրդողանի քաղաքականությունը հիմա թուրքական բիզնեսի համար ավելի վտանգավոր է, քան Ֆաթուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները համարում են հեղաշրջման փորձի հեղինակ: