Հասարակություն 

ՊՊԾ գնդի մոտ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին. Ենիգոմշյան

Քիչ առաջ  ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ արդեն ավելի քան 32 ժամ է գունդը գրավողները զրկված են սննդից, ջրամատակարարումից, էլեկտրաէներգիայից և բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Նա հավելեց, որ այսօր առավոտվանից գունդը գրավողները զրկված են նաև հեռախոսակապից:

Ենիգոմշյանի խոսքերով, կան տեղեկություններ, որ քանդվել է ՊՊԾ գնդի պարսպի մի հատվածը, ինչը ենթադրում է սպասվելիք գրոհի մասին: ՀԽ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ գնդի վրա մի քանի րոպե շարունակ ռազմական ուղղաթիռ է պտտվել, իսկ դրանից հետո իրենց սև գործին են անցել դիպուկահարները:

Ենիգոմշյանը հավելեց, որ գունդը գրավողները շարունակում են զերծ մնալ բռնություն գործադրելուց՝ կոչ անելով իշխանություններին խուսափել բախումից, ինչը ճակատագրական կլինի:

Դրանից հետո նաև հյատարարություն հնչեց, որով մասնավորապես պահանջ ներկայացվեց իշխանություններին մինչև 20:00-ն լուծել վերոնշյալ բոլոր հարցերը: Նաև հաստատվեց, որ որպես միջնորդ Վիտալի Բալասանյանին փոխարինել է «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Նույն շարքից