Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով «Սասնա ծռեր»-ի կողմից գրավված ՊՊԾ գնդում բժիշկներին պատանդ պահելու մասին, ասաց, որ նման բան չկա:
Նրա խոսքերով, զինված խմբի անդամները բժիշկներին պատանդ չեն պահում, ուղղակի պահանջում են, որ, ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ հիմա, գնդում բժիշկները գտնվեն հերթափոխով: Այսինքն, երբ հաջորդ բրիգադը գնա, ներկա բրիգադը կկարողանա դուրս գալ:
Ավելի վաղ ոստկանությունը հայտարարություն էր տարածել՝ հետևյալ բովանդակությամբ. «Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:
Դրանից հետո հաղորդագրություն տարածեծ նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը. «Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:
Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»: