«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տան գողության դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն իրավապահների համար այս գողության բացահայտումը դարձել է պատուհաս։ Բանն այն է որ իրավապահները պատրաստել են Հովիկ Աբովյանի տուն մուտք գործած անձանց ֆոտոռոբոտը, սակայն անգամ այս հանգամանքը չի օգնում նրանց բացահայտել գողության դեպքը։
Նկատենք, որ դեպքի օրը մարզպետը և իր ընտանիքի անդամները տանը չէին եղել, և վարկածներից մեկն է, որ գողը կամ գողերը մարզպետի մտերիմ շրջապատից են եղել, կամ էլ նրանցից մեկի պատվերով են այն իրականացրել։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների՝ մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործից անցել է 7 ամիս և թերթին այս գործով որոշ մանրամասներ ի հայտ եկան։ Ըստ այդմ, Հովիկ Աբովյանի տուն մուտք գործած անձինք եղել են ընդամենը երեք հոգի, որոնք առանձնատուն մտել են՝ պատշգամբի վրայից ցատկելով։ Նրանցից մեկը հսկել է տան տարածքը, իսկ, ահա, մյուս երկու անձինք, վնասելով տան դուռը, մուտք են գործել առանձնատուն։ Մարզպետ Հովիկ Աբովյանի տան տեսախցիկները արձանագրել են այս ընթացքը։ Ու թվում էր, թե իրավապահների համար պետք է գործը առավել հեշտ բացահայտվողներից լիներ, բայց ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում