Այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ վերջիններս վիրահատության կարիք ունեն, և այդ վիրահատությունները չպետք է հետաձգվեն: Պետրոսյանի խոսքերով, վիրահատությունները պետք է իրականացվեն Էրեբունի ԲԿ-ում նույն բժիշկների կողմից, որոնք արդեն վիրահատել են Մանուկյաններին:
Պետրոսյանը նաև նշեց, որ Պավլիկ Մանուկյանը շարունակում է հայտարարած հացադուլը՝ նշելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում են Մանուկյանները, ունի ոչ պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ և հավելելով, որ ընդդեմ Հայաստանի դիմել է ՄԻԵԴ:
Ասուլիսին ներկա ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամներ Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն իր հերթին նշեց, որ իր պաշտպանյալներից Հովհաննես Հարությունյանը նույնպես վիրահատության կարիք ունի, իսկ բուժումը պետք է շարունակել քաղաքացիական հիվանդանոցում:
Երկու փաստաբաններն էլ նշեցին, որ դիմել են Վերաքննիչ դատարան իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցով: