Հասարակություն 

Նախատեսվում է մարզերում ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել

analitik.am

Փետրվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 328 դեպք: Նախարարին զեկուցվեց Խաչիկ համայնքում հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման, ինչպես նաև՝ քարաթափման աշխատանքների մասին:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը նշեց, որ հանրապետությունում ձյան պաշարը բավականին դրական է և մարտի 1-ին կրկին տեղումներ կլինեն:

ՀՀ Ազգային արխիվի պետ Ամատունի Վիրաբյանը զեկուցեց առաջիկայում սպասվող միջոցառումների մասին: Նախատեսվում է մարզերում ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպել:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների և ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը նախարարին տեղեկացրեց, որ ավաևտվել է մարզերում գործող 953 բժշկական հաստատությունների մասին տվյալների հավաքագրումը: Մարզերում համայնքային խնդիրներից առաջնային համարելով բժշկական հաստատությունների արդյունավետ և արագ աշխատանքը` նախարար Երիցյանը հանձնարարեց հսկողության տակ առնել բոլոր հաստատությունները և հետամուտ լինել միջազգային ծրագրերի իրականացման համագործակցության շրջանակներում մարզային բուժհաստատությունների անձնակազմի վերապատրաստման գործընթացին, անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան մասնագետներ ուղարկել մարզեր:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ՏԿԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության մասին: Ձյան առատ տեղումները դժվար անցանելի են դարձրել ավտոճանապարհները, բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են: Ինչպես զեկուցեցին ՄՓՎ պետերը` ԼՂՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում հրշեջ-փրկարարներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Վայոց Ձորի ՄՓՎ պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց ձնաբքից քաղաքացիների դուրսբերման աշխատանքների մասին: Փրկարարական աշխատանքները տևել են 16-ժամ: Տ. Պետրոսյանը զեկուցեց նաև մարզում նախատեսվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստական աշխատանքերի մասին:

Նույն շարքից