Հասարակություն 

Որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել Արայիկ Խանդոյանին և քանի տարի ազատազրկում է սպաառնում նրան. «Ազատության»

«Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինն այսօր մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։

Մանրամասն՝ azatutyun.am

Հոդված 218.

Պատանդ վերցնելը

1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,

4) ակնհայտ անչափահասի նկատմամբ,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,

7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Հոդված 235.

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

(235-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Նույն շարքից