Թուրք ծայրահեղականները սկսել են սոցկայքերում սպառնալ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնին: Ինչպես հայտնում են գերմանական և ավստրիական ԶԼՄ-ները, այդ սպառնալիքները հատկապես սաստկացել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կանցլերը սկսեց քննադատել քայլերը, որոնք ձեռնարկում է Էրդողանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
Österreich-ի հետ զրույցի ժամանակ Քերնը հայտնել է, որ իրեն սպառնում են սպանել ինչպես աջ ծայրահեղականները, այնպես էլ թուրքական հասարակության այլ ներկայացուցիչներ, և դա տևում է արդեն երկու ամիս:
Ավստրիայի կանցլերը խոսել է նաև իր երկրի տարածքում բնակվող թուրքերի մասին՝ նշելով, որ վերջիններս պետք է հարգեն կյանքի ավստրիական ձևը:
Հավելենք, որ Թուրքիայից Ավստրիայի կանցլերին ուղարկվող սպառնալիքներից մեկն օրինակ այսպիսի բովանդակություն ունի՝ «Թուրքիան բոլոր ներգաղթյալներին կուղարկի Ավստրիա և Իսլամական պետությունը կոչնչացնի ձեր կառավարությունը»: