Հասարակություն 

Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործում թմրանյութի թեմա կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի 18-ին հրապարակել էինք, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը:

Դեպքի վայրում էին նաև մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գևորգյանի դեմ, և ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, և գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց: Ինչևէ: 4 ամիս տևած քննությունից հետո հատուկ քննչական ծառայությունը որոշեց արդարացնել Արթուր Գևորգյանին և նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել: Սակայն, ինչպես նկատում ենք, այս միջադեպից հետո ծավալված իրադարձությունների մասով նոր զարգացումներ կան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գևորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում քննություն է ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից