Ծանոթ. – Այս տարվա ապրիլի 13-ին ամբողջապես, առաջին անգամ գաղտնազերծելով Մադրիդյան փաստաթուղթը (http://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/), ԱՆԻ կենտրոնը գրել էր, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի նաև այդ փաստաթղթից ածանցյալ Կազանի առաջարկությունը՝ աշխատանքային տարբերակը, որը 2011-ի հունիսին մերժել էր Իլհամ Ալիևը: ԱՆԻ կենտրոնը առաջին անգամ հրապարակում է ղարաբաղյան կարգավորման Կազանի փաստաթղթի առանցքային դրույթները՝ տարածքներ, կարգավիճակ, անվտանգություն, փախստականներ: Այսօր ճիշտ ժամանակն է հայ հանրությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղեկացնել Կազանի փաստաթղթի առանցքային մանրամասներին, քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի հետ միջնորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, բանակցում է մեկ բան, իսկ հրապարակավ հայտարարություններում ասում բոլորովին այլ բան: Բացի այդ, այսօր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ակնկալվում է ճեղքում և ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են բանակցում երկրի իշխանությունները:
Առաջիկայում ԱՆԻ-ն ներկայացնելու է այն առարկությունները, որ ունեցել է Ադրբեջանը Կազանում 2011-ի հունիսին՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)
Տարածքներ
Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:
Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Անվտանգության երաշխիքներ
Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:
Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
Մանրամասն՝ aniarc.am