Ռուսաստանը չի ցանկանում միայնակ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հույս ունի համատեղ ջանքերով կարգավորել այդ հակամարտությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով օգոսոստի 8-ին մեկնելու է Բաքու Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ հանդիպելու համար:
«Երբեմն խոսակցություններ ենք լսում, թե Ռուսաստանը ցանկանում է մենաշնորհ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ մի կողմ հրելով մյուս միջնորդներին: Դա մոլորություն է: Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովները, որոնց թիվն անցմում է 20-ը, լրացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ցանկանում եմ հիշեցնել, որ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մասնակցել են նաև պետերբուրգյան հանդիպման եզրափակիչ փուլին»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները:
Պուտինի խոսքերով, այսպիսի մոտեցումը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է կարգավորել միջազգային հակամարտությունները. «Հույս ունեմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել կողմերին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի նրանց»: