Քաղաքական 

Իշխանությունները նոր ձև են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձևը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազման նոր համակարգը ներդնելուց:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը:

ԸՕ համապատասխան փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից հետո: Բայց մինչ այդ համապատասխան համակարգն արդեն ձեռքբերված և ներդրված պետք է լինի: Սա կարևոր է այն իմաստով, որ Հայաստանի ընտրողների ցուցակները փաստացի «կմաքրվեն», քանի որ դրանում ներառված կլինեն միայն երկրում գտնվող ընտրողների տվյալները:

Սկզբում կասկածներ կային, որ այս նպատակի համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հնարավոր չի լինի հայթայթել, քանի որ ՀՀ կառավարությունը հայտարարել էր, թե դրանից միայն 3 մլն եվրոն է հնարավոր պետբյուջեից հատկացնել: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, խոստացել են հատկացնել անհրաժեշտ գումարը:

Մնում է արդեն իշխանության ցանկությունը: Սակայն այժմ էլ ՀՀ կառավարությունը կարծես այլ պատճառ է գտել, որպեսզի նոր համակարգը չներդնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ սարքեր արտադրող ընկերությունները հրաժարվում են 1-2 ամսում խնդիրը լուծելու տարբերակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից