«Հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետեւանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսեւորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլեւս իրականություն է:
Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսեւորմամբ գագաթնակետին հասան Երեւանի Սարի Թաղ համայնքում, եւ այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի:
«Բարեւ Երեւանը» պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:
Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետեւողական լինելով դրանց իրականացման հարցում»,- ասված է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հայտարարության մեջ: