Հասարակություն 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Շիրակի մարզում ևս միջոցառումներ կլինեն

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումները  համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:

 Նիստի ընթացքում  քննարկվել են  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները: 



Արդեն իսկ մշակված աշխատանքային պլանում նախանշած են մարզի բոլոր համայնքների, տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների  իրականացվելիք միջոցառումները: Դրանք, սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, վերջնական համարել չի կարելի, քանզի նոր առաջարկներն ու նոր ձեռնարկները միայն կողջունվեն հանձնաժողովի կողմից:



«Ես ուզում եմ, որ մենք Շիրակի մարզում ամբողջ 2015թվականի ընթացքում «Հիշում եմ և պահանջում» խորագրին համահունչ միջոցառումներ անցկացնենք,  դրանք լինեն ոգեկոչման, հիշատակի ու պահանջատիրության շնչով, յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր  ներդրումն ունենալը: Այս տարելիցը արդարության վերականգնման կոչ պետք է լինի >,-ասել է  Ֆելիքս Ցոլակյանը:



Հանձնաժողովականներին մարզպետն հորդորել է սեղմ ժամկետներում ծանոթանալ արդեն իսկ մշակված աշխատանքային ծրագրին, հանդես գալ նոր առաջարկներով:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև  միջոցառումների պատշաճ ձևով կազմակերպմանն ու անցկացմանը` այս առումով  կարևորելով բոլոր կառույցների համատեղ փոխըմբռնումն ու գործակցությունը:

Նույն շարքից