«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից և ոչ մեկը դեռևս մեդալ չէր նվաճել:
Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն վերադարձավ: Սակայն այն ժամանակ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին ընդամենը 18 մարզիկներ: Իսկ այս անգամ Հայաստանից Ռիո է մեկնել 8 մարզաձև ներկայացնող 33 մարզիկ:
Հիշեցնենք, որ առաջին և միակ ոսկե մեդալը Հայաստանի հավաքականը նվաճել է հունահռոմեական ոճում` ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի կողմից` 1996 թվականին Ատլատայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:
Հայտնի ճշմարտություն է, որ այն պետությունները, որտեղ իշխանությունները ուղնուծուծով կոռումպացված են, ձախողում են ամեն ինչ, այդ թվում նաև՝ սպորտը: Շուրջ երկու տասնամյակ է, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ կարելի է պետության փողերը գողանալ, հարկերը չվճարել և այդպիսով ձեռք բերած կարողության մի մասը ծախսել սպորտի վրա. այս ճանապարհով մի կողմից հնարավոր է դառնում բարերարի համբավ ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ սպորտային հաջողութուններ արձանագրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում