ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Պարտադրված պատերազմի, զինադադարի պարբերական խախտումների, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետությունը կարողացավ ստեղծել և ամրապնդել անկախ պետությանը բնորոշ կառույցներ և հաստատուն կերպով ընթանալ ժողովրդավարական ու իրավական բարեփոխումների ճանապարհով:
Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը:
Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաև անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը:
1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին նվիրված գլուխը պարունակում է առաջադիմական և ժողովրդավարական երկրներում ու միջազգային փաստաթղթերում տեղ գտած մոտեցումներին համահունչ կարգավորումներ: Այդուհանդերձ, այս ոլորտում միջազգային զարգացումներին համաքայլ գործող սահմանադրական նորմերի հետագա բարելավման կարիք կա, ինչի համար ուղենիշներ կարող են հանդիսանալ, մասնավորապես, Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի դրույթները, իրավունքի գերակայության երաշխավորման վերաբերյալ միջազգային իրավական նոր մոտեցումները:
Սահմանադրական բարեփոխումների առանցքային ուղղություններն են՝
- մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնումն ու ամրապնդումը,
- իրավունքների և ազատությունների սահմանափակման՝ միջազգային չափանիշներին համապատասխանող հիմքերի նախատեսումը,
- հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը և դրանց երաշխավորված պաշտպանությունը՝ դրանք սահմանազատելով օրենսդրական երաշխիքներից և պետության նպատակներից:
Բովանդակային հարցադրումներից զատ պակաս կարևոր չեն նաև մարդու կարգավիճակին վերաբերող սահմանադրական նորմերի կառուցվածքային ճշգրտումները, դրանց տրամաբանական հերթականության վերանայումը, որոնք գործնականում կարող են խնդիրներ առաջացնել հիմնարար այս փաստաթղթի ընկալման, մեկնաբանման և կիրառման համար:
Այսպիսով, միջազգային լավագույն փորձին համահունչ՝ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդլայնեն մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների շրջանակը՝ մի կողմից զարգացնելով արդեն իսկ սահմանադրական ամրագրում ստացած իրավունքները, մյուս կողմից ամրագրելով նոր հիմնական իրավունքներ: Այս առումով հայեցակարգային մակարդակով կարելի է անդրադառնալ մի շարք իրավունքների հետ կապված հարցերի:
Ժամանակակից միջազգային կարգավորումներին համահունչ՝ պետք է կարգավորել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անդրադառնալով անձնական տվյալներ հավաքելու, մշակելու և դրանց ծանոթանալու հարցերին:
Բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, հաղորդակցության ազատության իրավունքին, ամուսնանալու ազատությանը վերաբերող սահմանադրական կարգավորումներում, հաշվի առնելով այս իրավունքների հանրային բարձր արժեքը, անհրաժեշտ է հստակեցնել դրանց սահմանափակման հիմքերը և իրավաչափ նպատակները:
Ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է հավաքների ազատությունը: Սահմանադրական նորմերը պետք է հստակեցնեն հավաքների իրավունքի ազատության սահմանները, իրազեկման պարտականության դեպքերը՝ սահմանելով այն միայն օրենքով նախատեսված բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների համար:
Դատապարտյալների իրավունքների պաշտպանության առումով, միջազգային փաստաթղթերին և ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ, առաջընթաց քայլ կլինի առանձին դեպքերում դատապարտյալներին ընտրական իրավունքի վերապահումը:
Գործող Սահմանադրությունն ամրագրում է յուրաքանչյուր անձի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, սակայն չի անդրադառնում պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքին: Որպես առկա սահմանադրական նորմերի զարգացում և գործուն երաշխիք՝ կարելի է դիտարկել պատշաճ վարչարարության իրավունքի ամրագրումը սահմանադրական մակարդակով (օրինակ՝ գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, լսված լինելու հիմնարար իրավունքը և այլն):
Գործող Սահմանադրությունն ամրագրում է ծնողների իրավունքները, սակայն չի անդրադառնում երեխայի իրավունքներին: Երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրման միջազգային ժամանակակից միտումներին, Երեխայի իրավունքների կոնվենցիային ընդառաջ՝ կարևոր քայլ կլինի երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրումը: Ընդ որում, սահմանադրական մոտեցումները պետք է երեխային դիտարկեն ոչ միայն սոսկ պաշտպանողական միջոցառումների հասցեատեր, այլև` իրավունքների կրող և իրեն վերաբերող հարցերում որոշումների կայացմանը մասնակից: Երեխայի իրավունքների սահմանադրական ամրագրման միջազգային փորձը հուշում է, մասնավորապես, երեխայի հետևյալ իրավունքների ամրագրման անհրաժեշտության մասին՝ վտանգներից պաշտպանություն, երեխայի զարգացման երաշխավորում, երեխայի լավագույն շահերի առաջնային հաշվառում:
Ժողովրդավարության, բաց կառավարման, հանրային իշխանության գործունեության թափանցիկության առումով կարևոր նշանակություն ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում` փաստաթղթերին ծանոթանալու իրավունքի առանձին ամրագրումը:
Ընդլայնման կարիք ունեն նաև անձի քրեաիրավական պաշտպանության երաշխիքները, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանության իրավունքի հավելյալ երաշխիքները, մեղքի սկզբունքը՝ որպես քրեաիրավական պատասխանատվության հիմք, ինչպես նաև պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքը:
Անձի սահմանադրաիրավական կարգավիճակի կարևորագույն տարրերից են հիմնական իրավունքների սահմանափակումների հնարավորությունը, հիմքերը և դրանց իրավաչափությունը: Այլապես, հիմնարար նշանակության սահմանադրական երաշխիքների բովանդակությունը կարող է աղճատվել և իմաստազրկվել: Միջազգային փաստաթղթերում և պրակտիկայում իրավունքների անհամաչափ սահմանափակումներից երաշխիքները նախատեսվում են համաչափության, որոշակիության և իրավունքի էության անխախտելիության սկզբունքների միջոցով: Այս առումով Սահմանադրության 54-րդ հոդվածը կարևոր դրույթ է պարունակում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների միջոցով իրավունքների և ազատությունների էության աղավաղման արգելքի վերաբերյալ, սակայն չի անդրադառնում մյուս երկու կարևոր երաշխիքներին՝ համաչափությանն ու որոշակիությանը: Ավելին, իրավունքների սահմանափակման հետագա օրենսդրական դրույթների համար ուղենիշներ ուրվագծելու տեսանկյունից քննարկման առարկա է հիմնական իրավունքների սահմանափակումների հստակ հիմքերի սահմանումը՝ հիմք ընդունելով միջազգային փաստաթղթերում և դատական պրակտիկայում տարիների ընթացքում արմատավորված հանրաճանաչ մոտեցումները:
Անձի սահմանադրաիրավական կարգավիճակին զուգընթաց առանցքային հարց է մնում իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը: Այս առումով մարդու իրավունքների սահմանադրական կարգավորման համակարգային մոտեցման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի մի կողմից՝ «դասական» և սոցիալական հիմնական իրավունքների, մյուս կողմից՝ պետության քաղաքականության հիմնական նպատակների տարանջատումը: Գործող Սահմանադրությունն ամրագրում է որոշակի սոցիալական իրավունքներ, իսկ շատ դեպքերում էլ պետության սոցիալական քաղաքականության նպատակները ձևակերպում է որպես սոցիալական հիմնական իրավունքներ (օրինակ՝ բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք, բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունք և այլն)։ Մինչդեռ, «դասական» ու սոցիալական հիմնական իրավունքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների միախառնումը թուլացնում է մարդու դասական իրավունքների և սոցիալական հիմնական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը: Խնդիրն այն է, որ «դասական» հիմնական իրավունքները պետությունների համար խիստ պարտադիր են, և դրանց իրագործման ծավալը չի կարող տարբեր լինել կամ կախված լինել պետության հայեցողությունից: Մինչդեռ սոցիալական իրավունքները, որպես կանոն, անմիջականորեն գործող իրավունքներ չեն. դրանց իրականացման ծավալները մեծապես պայմանավորված են պետության տնտեսական հնարավորություններով: Այս իրավիճակում, երբ «դասական» հիմնական իրավունքների հետ նույն նժարի վրա են դրվում նաև սոցիալական իրավունքները, մարդկանց մոտ առաջանում են անիրականանալի ակնկալիքներ: Քանի որ պետությունը չի կարող իրագործել այս իրավունքի պաշտպանությունը, ապա ստացվում է, որ կան հիմնական իրավունքներ, որոնք կարող են ամեն դեպքում խախտվել: Իսկ դա իր հերթին բերում է այն անցանկալի հետևանքին, որ բոլոր հիմնական իրավունքների՝ պետության կողմից պաշտպանության մակարդակն ինքնաբերաբար թուլանում է:
Իհարկե, կան նաև այնպիսի սոցիալական իրավունքներ, որոնք սահմանադրական իրավունքի տեսության և գիտության մեջ զարգացել են որպես «դասական» հիմնական իրավունքներ (օրինակ՝ կրթության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները, գործադուլի իրավունքը և այլն): Նման սոցիալական հիմնական իրավունքներն անմիջականորեն գործող իրավունքներ են և, հետևաբար, այս իրավունքներին պետք է վերապահվի նաև դատական պաշտպանության հնարավորություն: Ինչ վերաբերում է սոցիալական մյուս իրավունքներին (ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանների, սոցիալական ապահովության, արժանապատիվ գոյության և նվազագույն աշխատավարձի, առողջության պահպանության իրավունքները) և այս ոլորտում պետության քաղաքականության նպատակներին, ապա դրանք թեև անմիջականորեն գործող իրավունքներ չեն, բայց դա չի նշանակում, որ հանրային իշխանությունները կարող են անտեսել սոցիալական պետության սկզբունքից և այլ հատուկ կարգավորումներից բխող դրույթները և չիրագործել դրանք: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել այդ նպատակները:
Շարունակությունը՝ այստեղ