Հասարակություն 

Գևորգ Կոստանյանն ու Սեյրան Օհանյանն անտեսե՞լ են վարչապետի որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ գլխավոր դատախվազի պաշտոնից հրաժարական ներկայացնելը, Գևորգ Կոստանյանը Մոսկվա կատարած երկօրյա թռիչքի համար 797 հազար դրամ արժողությամբ տոմս է գնել պետբյուջեի հաշվին ու Մոսկվա մեկնել բիզնես կլասով։ Նրա գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել 7 հոգով, հուլիսի 6-8-ը։ Դատախազի մեկ բիզնես կլասի տոմսի համար պետությունը վճարել է 797 հազար, իսկ պատվիրակության մյուս 6 անդամների էկոնոմ կլասի տոմսերի համար՝ 1 մլն 494 հազար դրամ։ Գլխավոր դատախազության Ռուսաստան գործուղման ծախսերի մասին վարչապետի որոշման նախագիծը կազմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում ծախսերի խնայողության կոնտեքստում վարչապետը հայտարարել էր, որ գործադիր մարմինն այսուհետ կամրագրի նվազագույն արժեք ունեցող ավիատոմսեր կամ դրա նկատմամբ մինչև 8 տոկոս տարբերություն ունեցողը, և մեկնելու են միայն «էկոնոմ» կարգով. «Առաջարկությունը հիմնավոր է, և անհրաժեշտ է կատարել այդ փոփոխությունը։ Այս ուղենիշները չեն տարածվում միայն հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի գործուղումների վրա»։ Ի դեպ, այդ որոշումից օրեր անց՝ հունիսի 14-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար ՊՆ-ն 965 հազար դրամով բիզնես կլասի 1 տոմս է գնել՝ Մոսկվա երկօրյա այցի համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից