Փետրվարի 27-ին, ուրբաթ ժ 12:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով դատական հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը:
Հիմնադրամը տարածել է Հայկ Կյուրեղյանի հատուկ հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.
«Սկսվեց իմ գործով՝ ռեժիմը ընդդեմ Հայկ Կյուրեղյանի դատավարությունը, որն ընթանում է առանց ամբաստանյալի, այսինքն առանց իմ մասնակցության և առանց օրենքով նախատեսված կարգով իմ կողմից տրված համաձայնությամբ նշանակված պաշտպանի:
Իմ և շատ շատերի համոզմամբ, ինչպես մինչ այս կայացած այլ քաղաքական դատավարությունների, այս դատը նույնպես վերածվել է քաղաքական հաշվեհարդարի, ինչը որ ես ակնկալում էի:
Չունենալով հնարավորություն ներկա գտնվելու իմ «սեփական» դատավարությանը և զրկված լինելով հրապարակայնորեն ինքս ինձ պաշտպանելու իրավունքից, ստիպված եմ դիմելու այս ժանրին և դիմելու լրատվամիջոցներին, այս հայտարարւթյունս տարածելու խնդրանքով:
Դեռևս առաջին նիստի ժամանակ ես ոտքի չկանգնելով հայտարարեցի, որ Հայաստանում դատական համակարգը գործող ինքնակոչ իշխանությունների խամաճիկն է, որի հիմնական գործառույթը ոչ թէ արդարադատության իրականացնումն է հանուն ՀՀ-ի, այլ իշխանությունների «չագուչն» ընդդեմ ժողովրդի:
Վերջին նիստի հեռուստատեսային լուսաբանման ժամանակ ներկայացվեց «տուժող» ոստիկանուհու ցուցմունքն այն մասին, որ իբր Շանթի գործով դատավարության ընթացքում իմ կատարած ակցիայի ժամանակ վնասվել է նաև ինքը: Որքան հասկացա, փորձ է արվում ստեղծել այնպիսի պատկեր, որ ես ընդունակ եմ ձեռք բարձրացրել ոչ միայն հայ կնոջ, թեկուզ ոստիկան, այլ նաև իմ ակցիային չառնչվող ցանկացած այլ անձի վրա:
Պնդում եմ, որ այդ ցուցմունքն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, կեղծ է և հորինովի: Ռեժիմը հավատարիմ իր գործելաոճին, այս անգամ ևս դիմեց հոգեհարազատ ստին, կեղծիքին ու շանտաժին: Չկա և չի կարող լինել որևէ փաստացի ապացույց, ցուցմունք, կամ տեսագրություն, որը կհիմնավորի ոստիկանուհու շինծու ցուցմունքը:
Ես նորից կրկնում եմ ակցիայի իմ հայտարարությունը: Ես դեմ եմ դուրս եկել հրեշին՝ գործող համակարգին և այդ համակարգով իշխող ռեժիմին, և իմ «կրակոցներն» ուղղված են բացառապես համակարգին»