ՀՀ Կառավարության շենքի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ աղջիկներ, բողոքի ակցիա են կազմակերպել՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանից պահանջելով ներողություն խնդրել փետրվարի 24-ին Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք» արտահայտության համար։
Ակցիա մասնակիցները եկել էին «Նախարար, Ձեր երեխեքին էլ է կարտոֆիլ մեծացրել», «Je suis կարտոլ», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում» և այլ գրությամբ պաստառներով:
Նրանք պահանջում էին, որ պաշտոնյաներն ուշադիր լինեն իրենց ելույթներում:
Ակցիայի մասնակիցները Կառավարության շենքից հեռացան առանց որեւէ մեկին հանդիպելու: Նրանք այժմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության շենքում են, սպասում են նախարարն ընդունի իրենց։