Հասարակություն 

Գյուղնախարարը ներողություն է խնդրում կանանցից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։



«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը:



Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ», – նշել է ՀՀ գյուղնախարարը։



Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության շենքի մոտ այսօր  մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ աղջիկներ, բողոքի ակցիա են կազմակերպել՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանից պահանջելով ներողություն խնդրել փետրվարի 24-ին Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք» արտահայտության  համար։



Ակցիա մասնակիցները եկել էին «Նախարար, Ձեր երեխեքին էլ է կարտոֆիլ մեծացրել», «Je suis կարտոլ», «Նախարար, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում» և այլ գրությամբ պաստառներով:


Նրանք պահանջում էին, որ պաշտոնյաներն ուշադիր լինեն իրենց ելույթներում:

Նույն շարքից