Արգենտինայի հայ համայնքը հինգշաբթի` փետրվարի 26-ին, Բուենոս Այրեսում երթ է կազմակերպում դեպի Ադրբեջանի դեսպանատուն` հիշատակելով Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի կոտորածների 27-րդ տարելիցը:
«1988-ի փետրվարին ադրբեջանցիների կիսապետական խմբավորումները ներխուժեցին Սումգայիթի հայկական բնակավայրեր, որտեղ ոչնչացրին հայերի ունեցվածքը, սպանեցին ու բռնաբարեցին հայ ընտանիքներին: Կոտորածները տարածվեցին այլ քաղաքներում ևս, ինչպես Բաքվում և Կիրովաբադում: Մեր կարծիքով` այդ կոտորածները շարունակությունն էին Թուրքիայում սկսված Հայոց ցեղասպանության, որից 100 տարի է անցել», - մեկնաբանել են երթի կազմակերպիչ Հայ երիտասարդների միությունից:
Մյուս կողմից` Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր. «Երբ հայ ժողովուրդը և աշխարհի բազմաթիվ երկրներում սփռված նրա զավակները պատրաստվում են նշել իրենց երկարմյա պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի աղետի հարյուրերորդ տարելիցը, հայոց կոտորածներն Ադրբեջանում չպետք է զատվեն Թուրքիայի և Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»: