Ծաղկաձորում մեկնարկել է ամենամյա, արդեն 14-րդ տարին անցկացվող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: «Բազե 2016»-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ավանդական դարձած հավաքին այս տարի ևս մասնակցում է ավելի քան 500 երիտասարդ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից:
Երիտասարդները հանդես են գալիս եռագույնի ներքո ձևավորված 15 ջոկատներում: Երևանը «Բազե 2016»-ին ներկայանում է երկու ջոկատով՝ ընդգրկվելով կապույտ և ծիրանագույն ճակատներում: Հավաքի շրջանակում առանձին ջոկատներով հանդես են գալիս նաև ազգային փոքրամասնություններ, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ և այլ կառույցներ: Յոթօրյա հավաքի օրակարգը հագեցած է լինելու ինտելեկտուալ, մարզամշակութային միջոցառումներով ու մրցույթներով: Բացի այդ, այս տարի ավանդական մրցաձևերին ավելացել են նաև «Բազե-հումոր» և «Բազե-ֆիլմ» մրցույթները:
«Բազե 2016»-ի շրջանակում նախատեսված են հանդիպում-քննարկումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
Համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը հաջորդել է բազեականների հետ պաշտոնյաների ավանդաբար անցկացվող հարցուպատասխանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ի պատասխան մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում նախատեսված բարեփոխումների վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է աշխատանքներն այս ուղղությամբ:
«Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը մեզ համար օրակարգային է: Այստեղ անհրաժեշտ են համակարգային նոր լուծումներ: Առկա են մի քանի տարբերակներ, որոնք քննարկումներից հետո անպայման կներկայացնենք հանրությանը: Համագործակցելով միջազգային կառույցների հետ արդեն իսկ ընտրվել է խորհրդատու կազմակերպություն և պետք է նշեմ, որ քննարկվող տարբերակներից մեկն էլ Եվրոպական քաղաքներում գործող միասնական տոմսի ներդրման մոտեցումն է: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթը հասարակական տրանսպորտով մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկն ապահովելն է՝ հատկապես հաշվի առնելով առկա պարկի մաշվածությունը: Համոզված եղեք, որ հասարակական տրանսպորտի աշխատանքների կանոնակարգման ու բարելավման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին մենք պարբերաբար կներկայացնենք հանրությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարցի հետ կապված վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նկատել է, որ մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի աշխատանքն այսօր իսկապես օրինակելի է, ինչում վերջերս անձամբ է համոզվել՝ երթևեկելով մետրոյով: ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված բարեփոխումներն իրոք եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը:
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բազե 2016»-ի հանդիսավոր բացմանը