Անկարան փախստականների համար անվտանգության գոտի է ստեղծելու սիրիական Ջարաբլուսում, որն օգոստոսի 24-ին թուրքական ուժերի աջակցությամբ անցել է սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ: Այս մասին, ինչպես հայտնում է CNN-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:
««Եփրատի վահան» օպերացիայի հիմնական նպատակը մեր սահմանները բոլոր ահաբեկիչներից մաքրելն է: Դա վերաբերում է ինչպես ԻՊ-ին, այնպես էլ մյուսներին»,-ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան, Կալինն ասել է, որ վերջին տարիներին Անկարան միշտ ցանկացել է անվտանգության գոտի ստեղծել թուրք-սիրիական սահմանին, որից հետո այդ գոտին կհանձնվի սիրիացիներին. «Հենց դա է տեղի ունենում ներկայումս»:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասով թուրքական իշխանությունների դիրքորոշման հնարավոր փոփոխությանը, Կալինն ասել է, որ այն չի փոխվել՝ Անկարայի կարծիքով՝ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում, քանի որ չունի լեգիտիմություն: