Հասարակություն 

Պատասխանատվությունը կրում է բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը. ՀՔԱ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խիստ դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդավարական ուժերի առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը:




Գտնում ենք, որ Բորիս Նեմցովի սպանությունը միանշանակ հանդիսանում է քաղաքական, որի պատասխանատվությունը ուղղակիորեն կրում է Ռուսաստանի Դաշնության բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը:



Բորիս Նեմցովը հայտնի էր իր սկզբունքային հետեւողական դիրքորոշմամբ եւ գործունեությամբ, Վ. Պուտինի քաղաքականության անզիջում քննադատությամբ:

Բորիս Նեմցովը հստակ եւ հիմնավոր գնահատականներ էր տալիս Վ. Պուտինի գործունեությանը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաեւ միջազգային ասպարեզում՝ գտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցել է Ղրիմը, իրականացնում է ագրեսիա Ուկրաինայի արեւելքում:



Բ. Նեմցովը կոռումպացված եւ քրեական բնույթի պուտինյան վարչակարգը վտանգավոր էր համարում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ միջազգային հանրության համար:

Դատապարտելով ժողովրդավարական սկզբունքների ու արժեքների հետեւողական պաշտպան, հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը՝ ցավակցում ենք նրա հարազատներին, ընկերներին եւ համախոհներին:



Միաժամանակ գտնում ենք, որ ժողովրդավարական պետություններն ու ուժերը վերջնականապես համաձայնեցված եւ միասնական քայլեր կկիրառեն Վ. Պուտինի բռնապետական ռեժիմի դեմ պայքարելու եւ այն հեռացնելու ուղղությամբ:



Բորիս Նեմցովի սպանությունը անմիջական սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլեւ նրա քաղաքական եւ ռազմական ազդեցության ոլորտում գտնվող պետությունների ժողովրդավարական ուժերին:

28 փետրվարի, 2015 թ.

Վանաձոր

Նույն շարքից