Հասարակություն 

Ում ուզում եք բողոքեք, անգամ ՀՀ նախագահին. Գյուղապետ Ղրզոյան Միշայի «դեմ խաղ չկա». «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եվ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղրզոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին: «Ամսի 21-ին, երեկոյան, վերադառնում էի հորեղբորս տնից: Տնից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս: Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել: Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղրզոյանը: Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում: Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետեւից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց թոշակառու կինը:

Սկզբում նա չի բողոքել: «Մեր գյուղացի է, մտածեցի՝ կգան, կընդունեն, կանցնի, կգնա»-ասաց Սվետլանա Վարդանյանը: Բայց ներողություն խնդրող չեղավ:

Դրա փոխարեն Սվետլանա Վարդանյանի հասցեին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է հնչեցրել. «Հանկարծ տղիս գլխից մազ չպակասի, կկորցնեմ, սաղ սրբերը կուրանամ, ում ուզում եք բողոքեք, անգամ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»,-ասել է ՀՀԿ-ական թեկնածուն:

Բայց այսքանով գյուղապետի «գործունեությունը» չի սահմանափակվել։ Վարդանյանների փոխանցմամբ՝ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով, հայտարարել է, թեւ ինքը շատ մոտ է Արթիկի միլպետի հետ, եւ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից