Հայաստան Հասարակություն 

Մոսկվայում Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվահայեր: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

 

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Եսայանն ընդգծել է, որ 27 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին մենք վերստին հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում անմեղ զոհված մեր հայրենակիցների հիշատակին` դատապարտելով 1988թ. զարհուրելի իրադարձությունները: Սումգայիթի ջարդերը, որոնք նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները, չընկճեցին մեզ, և Լեռնային Ղարբաղի Հանրապետության հռչակումը դարձավ իրականություն», - նշել է դեսպանը:

 

Այնուհետև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվել է հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու տարածքում կայացել է մոմավառություն:

 
 

Նույն շարքից