Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը քննարկվել են քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու խնդիրները: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, վարչական շրջանների համապատասխան բաժինների պետեր, դպրոցների տնօրեններ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալը անդրադարձել է մասնավորապես երաժշտական և արվեստի դպրոցներում երեխաների ընդունելության կազմակերպման, միջազգային մրցույթներում դպրոցների սաների մասնակցության, ինչպես նաև կարգապահական և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի:
«Ընդհանուր առմամբ, ուսումնական նախորդ տարին երաժշտական և արվեստի դպրոցների համար հաջողված էր: Ունեցանք մի շարք հաջողություններ, սակայն առջևում ևս անելիքները շատ են: Առաջիկայում մի շարք դպրոցներում փորձնական եղանակով կկիրառենք նոր մոտեցումներ»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը հանդիպման ավարտին հանձնարարել է մեկ անգամ ևս վերանայել շտկումները՝ ամբողջությամբ պատրաստ դիմավորելու ուսումնական տարին: