Հասարակություն 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին դասարան է ուղեկցել որդուն

analitik.am

Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել որդուն՝ Մուշեղին: Երևանի թիվ 177 դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացել առաջին դասարանցիների առջև: Դպրոցի բակում կազմակերպված միջոցառումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ միասին շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ ու շնորհավորել նրանց Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ծնողներին և ուսուցիչներին էլ քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրությունն ու հանրակրթական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական:

 Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն 4-րդ անգամն է, որ սեպտեմբերի 1-ին որպես առաջին դասարանցու ծնող է այցելում դպրոց, ինչն իսկապես հաճելի զգացողություն է:
 «30 տարի առաջ ես էլ եմ առաջին անգամ ոտք դրել թիվ 177 դպրոց և արդեն 4-րդ անգամ իմ զավակներին եմ ուղեկցում այս կրթօջախ: Ուրախ եմ ու հպարտ, որ այն դպրոցում, որտեղ ես և կինս ենք սովորել, այսօր սովորում են նաև մեր երեխաները: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ բոլորին և հատկապես առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին: Համոզված եմ, որ բոլոր ծնողների համար իսկապես մեծ ուրախություն է իրենց երեխաներին առաջին անգամ դպրոց ուղեկցելը: Մեր երեխաների համար էլ սա մի նոր աշխարհ է` գիտելիքներ ստանալու, նոր կյանքի սկիզբ: Ու վստահ եմ, որ այն գիտելիքները, որ այս տարիների ընթացքում ձեռք կբերեն մեր երեխաները, վաղը կծառայեն մեր երկրի ու պետության կայացմանն ու շենացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Նույն շարքից