Քաղաքականություն 

Բելգիացի պատգամավորները ցանկանում են օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը եւ լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում էիր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին եւ նշել, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետեւանքով եղել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հովանու ներքո:

Կարեւորելով երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանը մեծ աջակցություն է ստացել ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունից՝ ադրբեջանական լոբբիստներիկողմից Ղարաբաղին վերաբերող միակողմանի եւ իրականությունը խեղաթյուրող բանաձեւերի քվեարկության ժամանակ:

Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գործունեության առավել ակտիվացումը, խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումը:

Կարեւորելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նա նշել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության բոլոր ձեւերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էլս վան Հուֆը մեջբերել է ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն այն մասին, որ չորսօրյա պատերազմն ամենածանրն ու դաժանն էր 1994 թվականին հաստատված զինադադարից հետո:

Տիկին Հուֆը նշել է, որ իրենք հավատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Նա նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է տեղի ունենա քաղաքական երկխոսություն եւ պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության շրջանակում ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում:

Նույն շարքից