Հասարակություն գլխավոր 

ԿԱԽՅԱԼ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Վերջերս ականատես եղա մի դատավարության, որտեղ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորներն ունեն հասարակության լուրջ աջակցության կարիքը: Այդ մարդիկ ի զորու չեն անկախ և օբյեկտիվ վճիռներ կայացնել, ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ նրանք ուղղակի ստիպված են:

Բնական է՝ խոսքը վերաբերում է ոչ բոլորին, այլ միայն նրանց, ում մասին յուրաքանչյուր վարկյան կարող է մի հաստափոր փաթեթ հայտնվել համապատասխան մարմիններում: Փաստացի այդ մարդիկ ամեն անգամ ստիպված են լինում կատարել պատվեր կամ հրաման, որպեսզի ինչ որ մի օր իրենք էլ չհայտնվեն մեղադրյալի աթոռին:

Օրինակ, պատկերացնենք իրավիճակ, երբ ոմն դատավոր՝ պայմանականորեն նրան անվանենք Գրիգոր Դավթյան, ստիպված է բավարարել քննչական մարմնի մի միջնորդություն, թեև անհիմն և ինքն էլ վստահ է, որ անարդար է իր գործողությունները, զուտ այն պարզ պատճառով, որ հակառակ դեպքում իր ձեռքի մուրճը կհայտնվի մեկ ուրիշի ձեռքում, իսկ ինքը,  լավագույն դեպքում, կմնա գործազուրկ, վատագույն դեպքում՝ մեղադրյալի աթոռին:

            Կա նաև դրա հակառակ վիճակը. նույն դատավոր Գրիգոր Դավթյանը, մերժում է քննիչի միջնորդությունը, չնայած այս դեպքում խոսքը անմեղ աղջկա մասին չէ, այլ սպանության կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող, նախկինում մի քանի անգամ դատապարտված, մի բարձրաստիճան պաշտոնյայի ազգականի: Այդ դեպքում էլ է նա ստիպված կայացնելու ոչ օբյեկտիվ որոշում, այլապես նորից լավագույն դեպքում կհայտնվի գործազուրկի կարգավիճակում, իսկ վատագույն դեպքում՝ մեղադրյալի:

            Իսկ եթե պատկերացնենք, որ երկու կողմից էլ պատվիրում են, ստացվում է դիմացը սուր, հետևը հուր, տարբերակը:

            Իրոք, մեր երկրում դատավորի վիճակը ծանր է. Ահա, որտեղ պետք է փնտրել այն խնդրի լուծումը, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը ստիպված այս տարի ևս Եվրոպական դատարանի վճռով, մեր քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծված հարկերի հաշվին, վճարել 85.000 եվրո գումար:

Հ.Գ. Բոլոր համընկումները պատահական են.

Ա.Հ.

Նույն շարքից