Հասարակություն 

Ավարտվել է Սարի թաղում լրագրողի աշխատանքին խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Մասնավորապես՝ քաղաքացիներ Ս. Կարապետյանը, Վ. Մխիթարյանը, Դ. Սարգսյանն ու Կ. Գրիգորյանը 2016թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց  նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները:

Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած հիշյալ անձինք տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները: Հիշյալ անձինք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վ. Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդատական վարույթում վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից