Հասարակություն 

Ավազակային հարձակում Արմավիրում. հարուցվել է քրեական գործ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով բաց դռնից ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակչուհու առանձնատուն, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը և ոտքերը, որպես զենք օգտագործվող առարկայի` երկաթյա լինգի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է կպչուն ժապավենը, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից