Հասարակություն 

Հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լ. Մկրտչյան

analitik.am
ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր»  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության  հետ  երկարատև և արդյունավետ  համագործակցության  համար:

 

«Շատ կարևոր է, երբ  միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին  իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման և նախակրթարանների  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել: «Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաև մեր կազմակերպության աջակցությամբ  աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը»,-նշել է  Ռիկուս Ջասոմետին:
Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ  մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա: «Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարևորել է  ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:
Հանդիպման ընթացքում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի»  հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործունեության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

 

Նույն շարքից