Հասարակություն 

Մեկնարկել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք

analitik.am

Սեպտեմբերի 16-17-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնում մեկնարկել է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք, որը կազմակերպել է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումների մեկնարկը տրվել է «Բնապահպանական հիմնահարցերը Հայաստանում» խորագրով հրավիրած կլոր սեղանով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների ազգային համակարգողները, ինչպես նաև Հայաստանում միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և բնապահպանական ոլորտի պատասխանատուները:

Ողջունելով հյուրերին և կարևորելով օզոնային շերտի պահպանությանն ուղղված համամարդկային ջանքերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Միջազգայնորեն ընդունված բնապահպանական օրերի հիշատակումը նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրին առնչվող խնդիրները: Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ Վերականգնե´նք օզոնն ու կլիման միահամուռ ջանքերով: Այս կարգախոսը հստակ փաստում է բնապահպանական խնդիրների` օզոնային շերտի քայքայման և Երկիր մոլորակի գլոբալ տաքացման փոխկապվածությունը: Սակայն, ինչպես գիտեք, բնապահպանական բոլոր խնդիրներն են փոխկապված: Սրանով է պայմանավորված այսօրվա կլոր սեղանի ձևաչափը, երբ բնապահպանական խնդիրները կքննարկեն Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական բոլոր կոնվենցիաների համակարգողները»: Ամփոփելով ելույթը՝ նախարարն արդյունավետ աշխատանքային քննարկում է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը: Կարևորելով օրվա խորհուրդը՝ դեսպանը շեշտել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել ՀՀ բնապահպանության նախարարության հետ ոլորտային նշանակության խնդիրների լուծման ուղղությամբ: Դեսպան Ավակովը կարևորել է միջոցառումների շրջանակում անցկացվող էկոկրթական դասընթացները, որոնց իր աջակցությունն է ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ըստ դեսպանի՝ նման դասընթացները մատաղ սերնդի մոտ սերմանում է պատասխանատվության զգացում հայրենի բնության հանդեպ:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը կարևորել է օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված քայլերը և ներկայացրել ՄԱԶԿ-ի աջակցությամբ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը կլոր սեղանի մասնակիցներին է ներկայացրել օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները՝ մասնավորապես նշելով. «Հայաստանը 17 տարիների ընթացքում վերացրել է 198տոննա քլորֆտորածխածինների (ՔՖԱ) գործածումը երկրում: Այժմ հերթը հիդրոքլորֆտորածխածիններինն (ՀՔՖԱ) է: Հայաստանն արդեն կրճատել է նաև ՀՔՖԱ-ները` տարեկան ծավալը 126 տոննայից մինչև 114տոննա: Տարիներ առաջ ՀՖԱ-ները լայնորեն ընդունվում էին որպես սառնարանային տեխնիկայում և օդորակիչներում օգտագործվող օզոնաքայքայիչ նյութերի համար այլընտրանքային նյութեր: Սակայն գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ օզոնաանվտանգ նյութեր լինելով հանդերձ, դրանք հզոր ջերմոցային գազեր են հանդիսանում: Այսօր աշխատանքներ են տարվում նրանց օգտագործումը նվազեցնելու ուղղությամբ: 2015 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովում ընդունված մինչև 2030 թվականը «Կայուն զարգացման օրակարգ»-ի ներքո մենք պարտավոր ենք ձեռնարկել միջոցներ, որոնք կնպաստեն ներառական աճին և մարդկանց ու մեր մոլորակի բարեկեցության բարձրացմանը: Կլիմայի փոփոխության առումով Փարիզյան համաձայնագիրը պատմական բեկումնային պահ է ավելի անվտանգ և կայուն կյանքի ապահովման ճանապարհին: Այժմ անհրաժեշտ է նպատակները վերածել կոնկրետ քայլերի և ամրապնդել կլիմայի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով Մոնրեալի արձանագրության իրավասությունները՝ ջերմոցային գազերից ամենաարագը զարգացող հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) աճը զսպելու նպատակով»:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները էկոկրթական դասընթացներ են անցկացնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքների մոտ 200 դպրոցականների հետ: Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների վերաբերյալ: Դպրոցականները և ուսուցիչները հնարավորություն են ունեցել շրջայց կատարելու արգելոցի տարածքում, ծանոթանալու տեղի հարուստ կենդանական և բուսական տեսակներին և տեղեկանալու արգելոցի պահպանման ռեժիմին:
Արգելոցին հարակից Վեդի քաղաքի արվեստի դպրոցի սաները ներկայացրել են բնապահպանական թեմայով իրենց ստեղծագործությունները:

Նույն շարքից