Հայաստան Հասարակություն 

Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը

Մարտի 5-ին Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հանդիպման համանախագահողներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը:

 

Քննարկումներին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ Քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

 

Հանդիպման ընթացքում ամփոփվել են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնայնությունների և բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվել են ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

Նույն շարքից