Հասարակություն 

Ինչու ՀՀ առաջին և երկրորդ նախագահները չմասնակցեցին Անկախության 25-ամյակի միջոցառումներին. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանը տոնում էր Անկախության 25-րդ տարեդարձը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթի ընթացքում աչքի զարնեց այն փաստը, որ պատվանդանում կանգնած չէին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայտնի է, որ բոլոր նման արարողությունների ժամանակ ՀՀ նախագահի նստավայրից մշտապես հրավիրատոմսեր են ուղարկվում առաջին և երկրորդ նախագահներին: Եվ անկախ գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը չմասնակցելը արդեն ոչ միայն պաշտոնական, այլև նախկին նախագահների մարդկային որակների մասին է խոսում:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա անջրպետը կարծես թե հաղթահարվել էր: Ուստի, եթե նա մասնակցեր զորահանդեսին՝ որպես առաջին գերագույն գլխավոր հրամանատար, միանգամայն տրամաբանական կլիներ: Սակայն դա տեղի չունեցավ: Իհարկե, հնարավոր է՝ առաջին նախագահը մտավախություն ուներ, որ եթե ինքը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, ապա նրա ղեկավարած քաղաքական ուժը կարող էր «հաճախորդ» ընկալվել:

Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այս մտավախությունը չի կարող լինել, քանի որ հենց նա իր իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, և նրանք արտաքուստ նորմալ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և բոյկոտը Քոչարյանի կողմից ամենաընդունված քայլը չէր՝ անկախ հիմնավորումներից: Այսպիսով, մեր երկրում դեռ կշարունակի մնալ կարծրատիպը, որ պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնորհն են»:

Նույն շարքից