Որքան մոտենում է հոկտեմբերի 2-ը, այնքան նախընտրական կրքերը շիկանում են Գեղամավան համայնքում: Գործող ՀՀԿ-ական գյուղապետից բացի իր թեկնածություն է առաջադրել «Նավասար» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Վաչիկ Սաղաթելյանը, ով ի դեպ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հայրն է: Նշենք, որ համայնքի ղեկավարի համար պայքարում սա նրանց երկրորդ փորձն է:
Սաղաթելյանի նախընտրական քարոզարշավի մեթոդներն օրինականության տիրույթից դուրս են: Այսպես որակեց Գեղամավան համայնքի բնակիչներից մեկը, ով զանգահարել էր խմբագրություն այդ առթիվ իր դժգոհությունն արտահայտելու:
«Ամեն մեթոդի դիմում է, հիմա ա էլ մեր երեխեքի գլուխը կերավ, սաղ գյուղի անունից եմ զանգել, իմանաք»,- ասաց մեր զրուցակից եւ հավելեց, որ օրերս Սաղաթելյանի ոչ ավանդական քարոզչության հերթական փորձն էլ ճակատագրական է դարձել համայնքաբնակ մի քանի երիտասարդների համար:
Բանն այն է, որ նախորդող երեկոյան, որպես «յուրօրինակ ընտրակաշառք», գյուղապետի թեկնածուն Սեւակ Եղիազարյանին, Շահեն Ավետյանին, Մելիք Օհանյանին, եւ գյուղի մի քանի ակտիվ երիտասարդների «անձամբ» հրավիրել է Սաղաթելյաններին պատկանող «Ծովասար» ռեստորանային համալիր «պատիվ տալու», որի դիմաց խնդրել է սատարել իրեն ու աշխատել իր թիմում:
Աղբյուրի փոխանցմամբ, տղաները «կարգին կերուխում են արել» եւ նման գինովցած վիճակում էլ վարել մեքենան: Գյուղ վերադառնալու ճանապարհին նրանք ավտովթարի են ենթարկվել, որի հետեւանքով վարորդը՝ Շահեն Ավետյանը եւ ուղեկիցներից մեկը՝ Սեւակ Եղիազարյանը, ծանր վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեր թղթակցի հետ զրույցում, Գեղամավան համայնքի բնակիչներից տեսակետ հայտնեցին, որ դա սպասելի էր. «Վաչիկը մինչև գյուղում արյուն չհաներ, չէր հանգստանա»:
Վաչիկ Սաղաթելյանն էլ հակադարձեց. «Բալա ջան, ես հիվանդ պառկած եմ, քանի օր է տնից չեմ ելել: Ես վաղուց հյուրանոցով չեմ զբաղվում: Սուտ ա, կատարյալ սուտ, երդվում եմ հորս արևով , ես երեխեքին չեմ հրավիրել: Անգամ ամաչում եմ հարցնեմ, ոնց են նրանք: Նոր գյուղի խանութում մեկը հարցրեց ավարիա տված երեխու ծնողին, ասեց, արդեն լավ ա: Իրիկունը ուզում եմ գնամ իրենց տուն հարցուփորձ անեմ»:
Հարցին թե, ինչպես է անցնում քարոզարշավը Սաղաթելյանը պատասխանեց. «Գյուղում, ոչ մեկը բարևս չի առնում, վախենում են: Գործողը սաղին ահաբեկում ա»:
Ինչ վերաբերում է իր ընտրվելու հավանականությունը, նա նշեց. «Եթե հենց էսօր լինի ընտրությունը, ես կհաղթեմ, բայց հլա 10 օր կա, չգիտեմ ինչ կլինի»:
Սաղաթելյանը հավաստեց, որ իրեն սատարում է ՀՅԴ կուսակցությունը, ապա ասաց, որ չնայած Արմեն Ռուստամյանի կողմից առաջարկ է եղել իր քարոզարշավի օրը ներկա գտնվել գյուղում եւ ելույթ ունենալ, սակայն ինքը հրաժարվել է:
Անկուսկացական թեկնածուն, թեպետ նկատեց, որ գյուղը բարվոք վիճակում է՝ ենթակառուցվածքները, դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը: Չունեն խմելու և ոռոգման ջրի, լուսավորության, աղբահանության խնդիրներ, սակայն այն չվերագրեց գործող գյուղապետի գործունեւությանը: «Հա, սաղ կարգին ա, բայց դա իրա շնորհքը չի»,- ասաց նա, ապա վստահեցրեց, որ դա Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի ավանդն է, ով ծնունդով իրենց գյուղից է:
Գործող գյուղապետ Մնացական Վարդանյանն մեզ հետ զրույցում «նորմալ» որակեց Սաղաթելյանի պահվածքը՝ այն համարելով «նախընտրական բնականոն պայքար»:
Փաստորեն, այս համայնքում իրականում ընթանում է ոչ թե թեկանածուական, այլ կուսակցական պայքար: Ու ի դեպ, շատ լարված: Համայնքը կուսակցապատկան դարձնելու նպատակով 2 կուսակցությունն էլ ռեսուրս չեն խնայում:
Ցավոք, այդ ռեսուրսների մեջ ամենախոցելին համայնքի ընտրողները դարձան, որոնցից ոմանք հնարավոր էր կյանքով պատասխան տային:
Գեւորգ Եղիազարյանը, ում որդին՝ Սեւակ Եղիազարյանը, տուժել էր ավտովթարից, ասաց, որ տղան ստացել է գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ դեռեւս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ավտովթարի դեպքի առթիվ Ոստիկանության Սեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: