Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի գործընկերոջ հետ

analitik.am

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:
«Ուրախ եմ, պարոն քաղաքապետ, Ձեզ կրկին հյուրընկալելու Ստեփանակերտում: Քաղաքի հիմնադրման օրը տոն է ոչ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլև ողջ արցախահայության համար: Իսկապես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերն ու կարևոր այս օրը մեզ հետ եք: Սա Ձեր կողմից ևս մեկ քայլ է՝ ուղղված երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վստահ եմ, որ տոնական այս օրը Ձեզ համար ևս կլինի լիարժեք ու Երևան կվերադառնաք լավ տպավորություններով», - ընդգծել է Սուրեն Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձի առթիվ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին՝ կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրերը:
«Հաճելի է արձանագրել, պարոն քաղաքապետ, որ Ստեփանակերտը տարեցտարի իր հիմնադրման օրը դիմավորում է էլ ավելի բարեկարգ ու ներկայանալի տեսքով, ինչը լավագույնս խոսում է թե՛ քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի և թե՛ հենց ստեփանակերտցիների սրտացավ վերաբերմունքի մասին: Տոնական շունչն իսկապես նկատելի է Ստեփանակերտում, և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս Արցախի մայրաքաղաքը տոնական այս օրը դիմավորելու է նորանոր ձեռքբերումներով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Ստեփանակերտի գործընկերոջը հրավիրել է հոկտեմբերի 8-ին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2798» տոնական միջոցառումներին:

Նույն շարքից