Այսօր՝ սեպտեմբերի 26-ին խորհրդարանում ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և հանել քաղաքաշինության նախարարությունը:
Հովհաննիսյանի խոսքերով, այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնհարերթությունների ընդգծմամբ:
Դիմելով հիմնական զեկուցողին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց վերանվանել նաև Սփյուռքի նախարարությունը՝ այն անվանելով Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն. «Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի բոլոր հայերի հայացքները դեպի Մայր Հայաստան ուղղել: Հայրենադարձությունը շատ կարևոր է: Կարելի է օգտվել Իսրայելի հաջող փորձից»:
Արդարադատության նախարարն ասաց, որ հասկանում է, թե ինչ է ուզում ասել Շարմազանովը և իր համար դա ընդունելի է: Նա հավելեց, որ առաջարկությունն ընդունում է որպես ի գիտություն և հարցը քննարկման առարկա կլինի, ինչից հետո կհայտնվի կառավարության տեսակետը: