Հասարակություն 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Մեխիկոյում

analitik.am

Սեպտեմբերի 26-ին Մեխիկոյի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Արարողությանը ներկա էին Մեքսիկայում գործող կրոնական տարբեր հարանվանությունների, Սենատի, Պատգամավորների Պալատի, գործադիր իշխանության, Մեխիկո քաղաքի կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական և մշակութային ոլորտի, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պաշտոնական ընդունելության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր ելույթում ամփոփեց մինչև անկախության ձեռքբերումը հայ ժողովրդի անցած ուղին և պետականակերտման 25 տարիների նվաճումները: Անդրադարձ կատարվեց միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման հարցում Հայաստանի նշանակալի դերակատարությանը: Մեծապես կարևորելով Լատինական Ամերիկայի առաջատար երկրներից մեկի` Մեքսիկայի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը՝ դեսպան Այվազյանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում համատեղ ջանքերի արդյունքում նոր թափ կհաղորդվի փոխշահավետ համագործակցությանը:

Ընդունելությանը հայկական դասական երաժշտության կատարումներով հանդես եկավ հայ և մեքսիկացի երաժիշտներից բաղկացած լարային կվինտետը:

Նույն շարքից