Հասարակություն 

Գյումրիի կրակոցներ.Եղբայրներից 1-ին վիրահատել են.բոլոր 3-ի վիճակը կայուն ծանր է. news.am

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից հետո Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված երեք վիրավորների վիճակը կայուն ծանր է։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։

Նրա խոսքով՝ վիրավորներից Կնյազ Ղազարյանը գանգուղեղային վնասվածք է ստացել հրազենից եւ այս պահին միացված է արհեստական շնչառության ապարատին։

Նրա եղբայրը՝ Գագիկ Ղուկասյանը, ուսահոդի վնասվածք է ստացել հրազենից։ Նրան գիշերը վիրահատել են, այս պահին վիճակը կայուն է, ինքնուրույն է շնչում։

Երրորդ վիրավորը նրանց հակառակորդ ճամբարից է՝ Գագիկ Ղուկասյանը, ով ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել բութ գործիքով հարվածից (ոչ հրազենից)։ Նա եւս ինքնուրույն է շնչում։

 Բոլոր երեք վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ:

Նույն շարքից