Հասարակություն 

Խորհրդարան էին այցելել Դարմշտադտի համալսարանի ուսանողները

analitik.am

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Գերմանիայի Դարմշտադտ տեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ դասախոս Սիբիլե Յանի գլխավորությամբ: Նշենք, որ այցը կայացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Դարմշտադտի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով:

Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին, ծանոթացել կառույցի պատմությանը:

Հյուրերի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նույն հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Ողջունելով ճանաչողական այցով խորհրդարան այցելած արտասահմանցի հյուրերին՝ խորհրդարանականները խոսել են իրենց հանձնաժողովների աշխատանքների մասին: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանջնահերթությունները, անդրադարձել տարածաշրջանային համագործակցության հետ կապված խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին. այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօր ղարաբաղաադրբեջանական շփման գծում հարաբերական անդորր է տիրում, որը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից:

Հայ խորհրդարանականները հյուրերի խնդրանքով անդրադարձել են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին, ինչպես նաեւ 21-րդ դարում փակ սահմանների առկայությանը, Հայաստան-Չինաստան հարաբերություններին:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Արտակ Զաքարյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը հույս է հայտնել, որ հյուրերը լավ տպավորություններով են մեկնելու Հայաստանից, իսկ Կարինե Աճեմյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ մշակույթ եւ պատմություն ունեցող երկիր է եւ ով մեկ անգամ այցելում է Հայաստան, անպայման ցանկանում է վերադառնալ:

Նույն շարքից