Հասարակություն 

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Կնեսետի պատգամավորները կայցելեն Ծիծեռնակաբերդ

analitik.am

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին և Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից հայտնում են, որ Արտակ Զաքարյանը կարևորել է Ազգային ժողովի և Կնեսետի միջև առկա հարաբերությունների զարգացումը և ակտիվացումը՝ նշելով, որ դրանք շատ պասիվ վիճակում են գտնվում:

Հանձնաժողովի նախագահը նաև խոսել է երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններից, որոնցից են ընդհանուր պատմությունը և խնդիրները:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ապրիլին Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երևանում կայանալիք հիշատակի և ոգեկոչման արարողություններին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորել է և 100-րդ տարելիցին ընդառաջ առավել ևս կարևորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ:

 

Հյուրերը ևս ընդգծել են հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարևորություն ունեցող տարբեր ոլորտներում:

Օդեթ Ժոզեֆը հույս է հայտնել, որ նորընտիր Կնեսետը կակտիվացնի հայկական խորհրդարանի հետ հարաբերությունները:

 

Հյուրերը վերահաստատել են Արտակ Զաքարյանին՝ Իսրայել այցելելու իրենց հրավերը:

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նաև անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և ակնկալիքներին, խոսել տարածաշրջանային խնդիրներից և Հայաստանում հրեական համայնքից:

Նույն շարքից