Լիբանանի կաթողիկե պատրիարքների եւ եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ, հայ մեծ բանաստեղծ Սիամանթոյի «Ափ մը մոխիր» ստեղծագործութունը, ապա անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը: Հայ կաթողիկե պատրիարքության անունից ելույթ ունեցավ հայր Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղյայանը: Ապա ասմունքով հանդես եկավ մարդկության դեմ իրականացված բռնությունների եւ ոճրագործությունների վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ, լիբանանցի բանաստեղծ Անտուան Ռաադը:
Լիբանանի նախկին վարչապետ, «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության ղեկավար Միշել Աունը իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը տառապանքներ եւ զրկանքներ է ունեցել Օսմանյան կայսրությունում` ենթարկվելով հալածանքների: Միշել Աունն ընդգծեց, որ 1915թ. հայությունը զոհ գնաց այն գաղափարախոսությանը, որը միտված էր Թուրքիայում ապրող բազմաթիվ ազգությունների եւ կրոնների բնաջնջմանը: Ըստ գեներալ Աունի, անցյալի ոճիրների ուրացումը թույլ տվեց, որ ոճրագործ ուժերը հետագայում եւս իրագործեն ջարդեր եւ անպատիժ ավերեն քաղաքակրթություններ: Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելն իր ելույթում նշեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել եւ դատապարտել անցյալում իրականացված եւ ներկայումս էլ շարունակվող զանգվածային բնաջնջման բոլոր գործողությունները, որպեսզի հնարավոր լինի կանխել դրանց կրկնությունն ապագայում: Ամին Ժմայելը բարձ գնահատեց լիբանանահայության ներդրումը Լիբանանի գոյատեւման եւ զարգացման գործում` շեշտելով, որ երկխոսության եւ համագործակցության հայկական ավանդույթը Լիբանանի ինքնության եւ գոյության հիմքերից մեկն է:
Այնուհետեւ ներկաներին իր պատգամը հղեց մարոնիների պատրիարք Բշարա Ռայը: Պատրիարքն իր զորակցությունը հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայտարարված «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսին:
Ելույթով հանդես եկավ նաեւ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: