ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման գործին:
Երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը: Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանին խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության հարցում:
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:
Հանդիպմանը կողմերն ուրախությամբ ընդգծել են հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության խոր պատմական արմատներն ու ընդհանրությունները եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ու փոխշահավետ աշխատանքի արդյունքում երկու ժողովուրդների հարաբերություններն առավել խորացնող ու ամրապնդող ձեռքբերումներ կլինեն:
Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային ընդունել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները եւ նշել, որ դրանք տարեցտարի զարգանում են, ինչում իր մեծ ներդրումն ունի նաեւ դեսպան Էրիկաս Պետրիկասը: Խոսելով երկու երկրների ոչ վաղ քաղաքական անցյալից՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ թե հայ, թե լիտվացի ժողովուրդների ձգտումը մեծ է եղել անկախության նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչել է Լիտվայի Հանրապետությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Լիտվայի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումը եւ այն աջակցությունը, որը համահունչ է այդ հարցում ԵՄ դիրքորոշմանը: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ հայկական կողմը դեմ է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: «Խնդիրը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքներով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ, որ շատ կարեւոր է՝ խաղաղ կարգավորմամբ»,- ԵՄ մի խումբ պաշտոնյաների տեսակետն է փոխանցել Էդուարդ Շարմազանովը :
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասը սիրով է խոսել Հայաստանում իր պաշտոնավարման երեք տարիների մասին եւ նույնպես նշել, որ հայ-լիտվական կապերն ակտիվ զարգանում են, առաջընթաց է գրանցվել նաեւ միջխորհրդարանական հարաբերություններում: Դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ փոխանցել Լիտվայի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկու երկրներում սպասվող խորհրդարանական ընտրություններին, առեւտրատնտեսական կապերի աճին: Դեսպանը գոհունակություն է հայտնել լիտվական ապրանքները Հայաստանում, ինչպես նաեւ՝ Հայաստանի միջոցով Իրան արտահանելու հնարավորության համար, ինչն իրականացել է Հայաստան-Իրան-Լիտվա բիզնես-ֆորումի արդյունքում: