Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ կցանկանար երբեմն հնարավորություն ունենալ հանգիստ, առանց ուշադրություն գրավելու գնալ պիցերիա, հաղորդում է Ինտերֆաքսը:
«Ես նաև կցանկանայի հնարավորություն ունենալ դուրս գալ փողոց այնպես, որ ինձ ոչ ոք չճանաչեր և գնայի պիցա ուտելու»,- ասել է նա մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչը չի հավանում Հռոմի պապի պաշտոնում:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չի կարող ասել, որ իրեն դուր չի գալիս լինել Հռոմի պապ: Ընդ որում նա վստահաբար ասել է, որ երկար չի գտնվի այդ պաշտոնում:
«Ես զգացողություն ունեմ, որ Հռոմի պապի պաշտոնում իմ գտնվելը երկար չի տևի: Չորս կամ հինգ տարի: Չգիտեմ, կամ երկու-երեք տարի: Չնայած երկու տարին արդեն անցել է: Ուղղակի նման զգացողություն է»,- ասել է նա: